Jump to content

Դաուգավպիլսի սինագոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաուգավպիլսի սինագոգ
Տեսակսինագոգ
Երկիր Լատվիա
ՏեղագրությունԴաուգավպիլս[1]
ՀասցեCietokšņa iela 38[1]
Ճարտարապետական ոճամպիր և Rundbogenstil?
Հիմնադրված է19-րդ դար[1] և 1850
Ժառանգության կարգավիճակտեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[1]
Քարտեզ
Քարտեզ

Դաուգավպիլսի սինագոգ (նախկինում՝ «Կադիշ» աղոթատուն, լատիշ․՝ Daugavpils sinagoga), ներկայումս միակ գործող սինագոգն է Դաուգավպիլս քաղաքում (Լատվիա)։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը եղել է քաղաքում գործող 45[2] սինագոգերից և աղոթատներից մեկը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Ցիետոկշնյա (Ամրոցային) փողոցի թիվ 38 հասցեում։

Հրեական առաջին բնակավայրերը Դաուգավպիլսում (նախկինում՝ Դինաբուրգ) հայտնվել են դեռևս 17-րդ դարում, սակայն մշտական համայնքը ձևավորվել է միայն 18-րդ դարի վերջին։ Համայնքի հնագույն կրոնական կառույցների մասին շատ քիչ տեղեկատվություն է պահպանվել։ Պահպանված պատմական փաստերը թույլ են տալիս դատել միայն 19-20-րդ դարերի հրեական համայնքի կրոնական կառույցների շինարարության և վերակառուցման մասին։ Սինագոգի շենքը կառուցվել է 1850 թվականին՝ որպես աղոթատուն «Կադիշ» («Հիշատակման աղոթք») Նոր Ֆորշտադտում (այժմ՝ քաղաքի կենտրոն)։ Լեգենդը հաստատում է, որ այն կառուցվել է հավատացյալ հրեայի միջոցներով, նրա մահացած եղբոր հիշատակին։ Սինագոգի շենքն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ավերվել է, բայց հետագայում վիճակը կարգավորվել է, քանի որ 1925-1928 թվականներին վերակառուցման և շինարարության նպատակով պետությունը աջակցություն է ցուցաբերել։

1941 թվականին գերմանական բանակի հարձակումից հետո սինագոգը փակվեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ քաղաքի հրեա բնակչության մեծ մասը ոչնչացվեց, սինագոգերն էլ ավերվեցին։ Պահպանվել են միայն մի քանի շենքեր։ Պատերազմից հետո՝ 1946 թվականին, մի խումբ հրեաներ դիմեցին քաղաքային գործադիր կոմիտեին շինություն հատկացնելու խնդրանքով։ 1947 թվականին վերակառուցումից հետո սինագոգը վերաբացվեց, այնուհետև դարձավ հրեական համայնքի սեփականությունը։ Հետպատերազմյան տարիներին սինագոգը դարձավ հրեական համայնքի ակտիվ կրոնական կյանքի հավաքատեղի։ Առաջին տարիներին սովորական օրերին սինագոգ էին հաճախում 50, իսկ տոնական օրերին՝ ավելի քան 600 մարդ։

Դաուգավպիլսում ծնված ծագումով հրեա ամերիկացի նկարիչ Մարկ Ռոթկոյի ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ 2003 թվականին նրա ընտանիքը որոշեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել սինագոգի վերակառուցմանը։ Աշխատանքներն սկսվեցին 2003 թվականին և շարունակվեցին երեք տարի։ 2006 թվականի ապրիլի 11-ին կայացավ սինագոգի բացումը, որին մասնակցեցին Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան, քաղաքային դումայի ղեկավարները, դիվանագետներ և քաղաքի քրիստոնեական դավանանքի ներկայացուցիչներ։ Քաղաքի սինագոգի վերակառուցման կապակցությամբ կայացած միջոցառմանը մասնակցեցին նաև նկարչի ընտանիքի անդամները, այդ թվում նրա դուստրը՝ Քեյթ Ռոթկոն[3]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Ցիետոկշնյա (նախկին՝ Մոսկովյան) և Լաչպլեշի (նախկին՝ Օֆիցերսկայա) փողոցների խաչմերուկում, տարածականորեն լրացնելով թաղամասի անկյունային կառուցապատումը։ Կառույցում տեսանելի են ինչպես ուշ կլասիցիզմի տարերը (ամպիր), այնպես էլ Լատգալիայի քաղաքներին բնորոշ 19-րդ դարի երկրորդ կեսի քարե շինությունների ճակատային մասի ձևավորման ավանդույթները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Latvijas Vēstnesis (լատիշ.)Latvijas Vēstnesis, 1993.
  2. Евреи в Даугавпилсе / Книга четвёртая. — Даугавпилс, 2005. — С. 38—39.
  3. «Президент открыла восстановленную синагогу — Сайт Даугавпилсской еврейской религиозной общины». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kaminska R., Bistere A. Sakrālās arhitektūras un mākslas mantojums Daugavpils rajonā. — Рига: Neputns, 2006. — 296 с. — ISBN 9984-729-90-7

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]